Հավանենք էջը և աջակցենք նախագծին



I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում` կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթևեկության, երթևեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ և կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց և բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:

2. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

3. Կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) գլխավոր ճանապարհ` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2 - 2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվող ծածկույթով ճանապարհին հավասարազոր չի դարձնում.

2) երթևեկության առավելություն` այլ տրանսպորտային միջոցների վարորդների (այսուհետ՝ վարորդներ) նկատմամբ` նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.

3) չստեղծել խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար` երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները` տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները` հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

4) կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 3 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.

5) երթևեկության սկիզբ` կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա.

6) մանևրում` տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը.

7) վերադասավորում` տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը.

8) երթևեկության ուղղության փոփոխություն` նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)` կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով.

9) շրջադարձ` տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր.

10) հետադարձ` տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր.

11) վազանց՝ շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ.

12) արգելք` երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից.

13) երթևեկության համար վտանգ` երթևեկության ժամանակ ստեղծված իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ.

14) կողանցում` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու.

15) վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները.

16) երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում` մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի երկու և ավելի երեխաների կազմակերպված փոխադրում.

17) սահմանափակ տեսանելիություն` երթևեկության մասնակցի տեղից շարժման ուղղությամբ ճանապարհի տեսանելիություն` սահմանափակված տրանսպորտային միջոցներով, ճանապարհի երկրաչափական չափանիշներով, տեղանքի ռելիեֆով, ճանապարհին հարակից բուսականությամբ, շինություններով և այլ օբյեկտներով:

 


II. ԼՈՒՍԱՑՈՒՅՑԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

4. Լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:

5. Կախված գործածման նպատակից` լուսացույցները լինում են տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորող, իսկ դրանց ազդանշանները` կլոր (առանց պատկերի), ինչպես նաև պատկերներով` սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքով և «X»-աձև:

6. Կլոր ազդանշաններով լուսացույցները կարող են ունենալ մեկ կամ երկու կանաչ սլաքի (սլաքների) տեսքով ազդանշաններով լրացուցիչ մասեր (սեկցիաներ), որոնք տեղադրվում են կանաչ ազդանշանի մակարդակի վրա:

7. Լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).

2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը.

3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքի) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.

4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.

5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը (կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).

6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:

8. Լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույների սլաքների տեսքով ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության (ուղղությունների) վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ:

9. Կարմիր և դեղին գույների սլաքների փոխարեն կարող են օգտագործվել սև ուրվագծային սլաքներով նույն նշանակությունն ունեցող կարմիր և դեղին կլոր ազդանշաններ:

10. Լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները) վարորդներին տեղեկացնում է լրացուցիչ սեկցիայի առկայության մասին և ցույց տալիս թույլատրված երթևեկության այնպիսի ուղղություններ, որոնք նախատեսված չեն լրացուցիչ սեկցիայի ազդանշանով:

11. Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում են հեծանիվի, իսկ հետիոտների տեղաշարժը` հետիոտնի ուրվապատկերների տեսքով լուսացույցի ազդանշաններ: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացրած չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` հեծանիվի ուրվապատկերով ցուցանակի հետ միասին:

12. Ճանապարհների վրա կույր հետիոտների հաճախակի հայտնվելու վայրերում, երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը կարող է ուղեկցվել տրանսպորտային միջոցների ձայնային (հատուկ) ազդանշաններից տարբերվող ձայնային ազդանշանով:

 13. Տրանսպորտային միջոցների երթևեկությունը երթևեկելի մասի առանձին գոտիներով կարգավորելու համար, մասնավորապես, այն գոտիների, որոնցով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի, կիրառվում են դարձափոխային լուսացույցներ` «X»-աձև կարմիր և դեպի ներքև ուղղված սլաքի տեսքով` կանաչ ազդանշաններով, որոնք համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտիով, որի վերևում տեղակայված են: Դարձափոխային լուսացույցների հիմնական ազդանշանները կարող են լրացվել անկյունագծով դեպի ներքև` աջ կամ ձախ ուղղված սլաքի տեսքով` դեղին ազդանշանով, որի միացումը տեղեկացնում է ազդանշանի փոխվելու և դեպի սլաքով նշված գոտի վերադասավորվելու անհրաժեշտության մասին: Եթե երկու կողմից 1.9 գծանշմամբ նշված գոտու վերևում տեղակայված դարձափոխային լուսացույցի ազդանշաններն անջատված են, ապա մուտքն այդ գոտի արգելված է:

14. Տրամվայների, ինչպես նաև առանձնացված գոտիով երթևեկող ընդհանուր օգտագործման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կարող են կիրառվել «T»-աձև դասավորված միագույն, լուսնասպիտակ չորս կլոր ազդանշաններ ունեցող լուսացույցներ: Երթևեկությունը թույլատրվում է միայն ներքևի և վերևի ազդանշաններից մեկի կամ մի քանիսի միաժամանակ միացված լինելու դեպքում, ընդ որում, ձախը թույլատրում է երթևեկությունը դեպի ձախ, միջինը` ուղիղ, իսկ աջը` դեպի աջ: Եթե լուսացույցի վերևի մեկ կամ մի քանի ազդանշաններ միացված են առանց ներքևի ազդանշանի, ապա երթևեկությունն արգելված է:

15. Երկաթուղային գծանցի վրա տեղակայված կլոր լուսնասպիտակ թարթող ազդանշանը թույլատրում է, իսկ կարմիրը` արգելում տրանսպորտային միջոցների երթևեկությունը գծանցով: Եթե թարթող լուսնասպիտակ և կարմիր ազդանշաններն անջատված են, ապա երթևեկությունը թույլատրվում է տեսանելիության սահմաններում` մոտեցող գնացքի (լոկոմոտիվի, երկաթուղային սայլակի) բացակայության դեպքում:

16. Կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) ձեռքը բարձրացված է դեպի վեր` տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են`

ա. ձախ և աջ կողմերից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է ուղիղ և դեպի աջ, տրամվայինը` ուղիղ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,

բ. թիկունքի և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և հետիոտների տեղաշարժն արգելված են.

3) աջ ձեռքը պարզված է առաջ`

ա. ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է բոլոր ուղղություններով, տրամվայինը` դեպի ձախ,

բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է դեպի աջ,

գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,

դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:

17. Ազդանշանների լավ տեսանելիության համար կարգավորողը կարող է օգտագործել ցուցաձող, այդ թվում` կարմիր ազդանշանով կամ լուսանդրադարձիչ սկավառակով, իսկ երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար` ազդանշան տալ նաև սուլիչով: Կարգավորողը կարող է ձեռքով տալ վարորդների ու հետիոտների համար հասկանալի նաև այլ ազդանշաններ:

18. Լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև, իսկ դրա բացակայության դեպքում`

1) հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով կանոնների 93-րդ կետը, խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար.

2) երկաթուղային գծանցից առաջ` կանոնների 111-րդ կետի պահանջներին համապատասխան.

3) այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:

19. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

20. Վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:

21. Երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին:

 

 

III. ՎԹԱՐԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԵՎ «ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

22. Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`

1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.

3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.

4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):

Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:

23. Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`

1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.

2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:

Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:

24. Վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:

25. Արգելվում է առավելություն ստանալու, ինչպես նաև կանգառն արգելված վայրերում կանգառ կատարելու (բացառությամբ հարկադրված կանգառի) նպատակով վթարային ազդանշանի օգտագործումը:

 

 

IV. ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության տրանսպորտային միջոցների վրա կարող է միացված լինել նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկ:

28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

29. Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

30. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:

31. Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:

32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:

33. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն`

 1) այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ.

2) կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշները գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա.

3) վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրող ու դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա:

34. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ 2.2` «Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելվում է» ճանապարհային նշանների: Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:

35. Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության ծառայողների և այլ անձանց
ուշադրությունը գրավելու համար:

 

 

V. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ և ՄԱՆԵՎՐՈՒՄԸ

36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:

37. Ձախ շրջադարձի (հետադարձի) ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված ձախ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված աջ ձեռքը: Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված աջ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված ձախ ձեռքը: Արգելակման ազդանշանին համապատասխանում է դեպի վեր պարզված աջ կամ ձախ ձեռքը:

38. Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար:

39. Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու երթևեկող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:

40. Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.

2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից.

3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով:

Երթևեկելի մասի ձախ կողմում, նույն մակարդակի վրա համընթաց ուղղության տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն այդ գծերի վրայից, եթե 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշմամբ երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային:

41. Շրջադարձը պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի երթևեկության հանդիպակաց կողմում: Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ:

42. Շրջադարձը դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը հայտնվի աջ եզրային մասում, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է վերադասավորվել, եթե վարորդը համոզված է, որ տվյալ ուղղությամբ երթևեկությունը թույլատրվում է նաև այլ գոտիով:

43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:

44. Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային:

45. Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը, որին տրանսպորտային միջոց է մոտենում աջից:

46. Եթե հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ճանապարհը պետք է զիջի իր առջևում խոչընդոտ ունեցող վարորդը: 1.13` «Կտրուկ վայրէջք» և 1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:

47. Արգելակման գոտու առկայության դեպքում շրջադարձ կատարելու մտադրություն ունեցող վարորդը պետք է նախապես վերադասավորվի այդ գոտի, որտեղ միայն իջեցնի արագությունը: Ճանապարհ մուտք գործելու վայրում, թափառքի գոտու առկայության դեպքում վարորդը պետք է շարունակի երթևեկել դրանով և վերադասավորվի հարևան գոտի` զիջելով ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

48. Տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումն անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:

49. Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և կանոնների 50-րդ կետում թվարկված տեղերում:

50. Հետադարձն արգելվում է`

1) հետիոտնային անցումների վրա.

2) թունելներում.

3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.

4) երկաթուղային գծանցներում.

5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.

6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.

7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:

 

VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻՆ

51. Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

52. Երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին գծանշման բացակայության դեպքում հանդիպակաց երթևեկության կողմ է համարվում երթևեկելի մասի լայնության ձախ կեսը` չհաշված երթևեկելի մասի լայնացումները (թափառքի և արգելակման գոտիներ, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար լայնացված տեղեր և այլն):

53. Երկկողմ երթևեկությամբ չորս և ավելի գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է դուրս գալ ճանապարհի հանդիպակաց երթևեկության համար նախատեսված կողմը:

54. Երկկողմ երթևեկությամբ երեք գոտի ունեցող գծանշված (բացառությամբ 1.9 գծանշման) ճանապարհներին, որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, թույլատրվում է դուրս գալ այդ գոտի միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար: Արգելվում է մուտք գործել ձախ եզրային գոտի, որը նախատեսված է միայն հանդիպակաց երթևեկության համար:

55. Բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում` 5.1` «Ավտոմայրուղի» կամ 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշաններով կահավորված ճանապարհներին կամ որտեղ թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ ավելի արագությամբ, տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դրանք վարեն երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ: Այդ դեպքերում արգելվում է զբաղեցնել երթևեկության ձախ գոտիները` ազատ աջ գոտիների դեպքում:

56. Բնակավայրերում, հաշվի առնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի և կանոնների 55-րդ, 57-58-րդ ու 116-րդ կետերի պահանջները, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել իրենց համար հարմար երթևեկության գոտիով: Ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են բոլոր գոտիները, դրանք թույլատրվում է փոխել ձախ և աջ շրջադարձերից, հետադարձից, արգելքը շրջանցելուց կամ կանգառից առաջ:

57. Բոլոր ճանապարհներին, միևնույն ուղղությամբ երթևեկության երեք և ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նաև վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին և ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին` միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: Միակողմ երթևեկությամբ ճանապարհներին կանգառի կամ կայանման նպատակով ձախ եզրային գոտի դուրս գալն իրականացվում է կանոնների 79-րդ կետի պահանջներին համապատասխան:

58. Տրանսպորտային միջոցները, որոնց երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 40 կմ/ժ, կամ որոնք տեխնիկական պատճառներով չեն կարող զարգացնել այդպիսի արագություն, պետք է երթևեկեն աջ եզրային գոտիով` բացառությամբ շրջանցման, վազանցի կամ ձախ շրջադարձից, հետադարձից կամ թույլատրված դեպքերում ձախ կողմում կանգառ կատարելուց առաջ վերադասավորվելու դեպքերի:

59. Երթևեկելի մասի ձախ կողմում նույն մակարդակի վրա գտնվող համընթաց ուղղության տրամվայի գծերով երթևեկել թույլատրվում է, եթե բոլոր գոտիներն այդ ուղղությամբ զբաղված են, ինչպես նաև վազանցի, արգելքը շրջանցելու, ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ` հաշվի առնելով կանոնների 40-րդ կետը: Ընդ որում, խոչընդոտ չպետք է ստեղծվի տրամվային: Եթե խաչմերուկից առաջ տեղադրված են 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանները, խաչմերուկում երթևեկությունը տրամվայի գծերով արգելվում է: Արգելվում է երթևեկել հանդիպակաց ուղղությամբ տրամվայի գծերով:

60. Եթե երթևեկելի մասը գծանշմամբ բաժանված է գոտիների, ապա տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է իրականացվի նշված գոտիներով: Ընդհատվող գծերը կարելի է հատել միայն վերադասավորվելիս:

61. Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով՝ բացառությամբ կանոնների 81-րդ կետում նշված դեպքերում մայթեզրին կայանելու նպատակով մանևրելիս: Թույլատրվում է, այլ հնարավորության բացակայության դեպքում, ճանապարհային և կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին երթևեկել, իսկ անմիջապես ճանապարհի կողնակների, մայթերի կամ հետիոտնային արահետների մոտ տեղակայված առևտրային և այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` ամենակարճ ճանապարհով մոտենալ դրանց` խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը:

62. Վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, իսկ կողքով ընթացողներից` այնպիսի միջկողային տարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախվելուց:

63. Բնակավայրերից դուրս յուրաքանչյուր ուղղության համար մեկ գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին արագության սահմանափակում կամ 7 մ ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների վարորդները մինչև առջևից ընթացող տրանսպորտային միջոցը պետք է ապահովեն այնպիսի տարածություն, որպեսզի իրենց վազանցող տրանսպորտային միջոցների վարորդներին հնարավորություն տան անհրաժեշտության դեպքում առանց խոչընդոտի վերադասավորվելու նախկինում զբաղեցրած գոտի: Այդ պահանջը չի գործում վազանցն արգելված ճանապարհահատվածներում, ինչպես նաև ինտենսիվ երթևեկության ժամանակ և կազմակերպված տրանսպորտային շարասյան կազմում երթևեկելիս:

64. Վարորդը երկկողմ երթևեկությամբ ճանապարհին, բաժանարար գոտու բացակայության դեպքում երթևեկելի մասում գտնվող անվտանգության կղզյակները, կարճասյուները և ճանապարհային կառույցների (կամուրջների, ուղեկամուրջների հենասյուներ և այլն) տարրերը պետք է շրջանցի աջ կողմից, եթե նշանները և գծանշումներն այլ բան չեն թելադրում:

 

 

VII. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

65. Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

66. Վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:

67. Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

68. Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

69. Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է`

1) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներով և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով).

2) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մոտոցիկլներով` բոլոր ճանապարհներին.

3) 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներով, կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):

70. Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է թույլատրվել երթևեկելու սահմանված առավելագույնից բարձր արագությամբ:

71. Թույլատրվում է երթևեկել`

1) 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլներով և երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցներով.

2) 50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս:

72. Վարորդին արգելվում է`

1) գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.

2) գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը.

3) մեծ եզրաչափերով, վտանգավոր կամ ծանրաքաշ բեռ փոխադրելիս` գերազանցել փոխադրման պայմանների համաձայնեցման ժամանակ որոշված արագությունը.

4) առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը.

5) կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար:

 

 

VIII. ՎԱԶԱՆՑ

73. Վազանցն սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի, որ՝

1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.

2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.

3) վազանցն ավարտելիս անհրաժեշտության դեպքում կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:

74. Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցին վազանցել թույլատրվում է միայն ձախ կողմից: Սակայն եթե առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել մանևրի կատարումը, ապա այդ տրանսպորտային միջոցին վազանցը կատարվում է աջից:

75. Վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է արագությունը բարձրացնելով կամ որևէ այլ գործողությամբ խոչընդոտել վազանց կատարելուն:

76. Եթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանց կատարելը դժվար է, ապա դրա վարորդը (իսկ ուղեկցման դեպքում` նաև ուղեկցող տրանսպորտային միջոցի վարորդը) պետք է երթևեկի հնարավորինս աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի և բաց թողնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:

77. Վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում.

2) հետիոտնային անցումների վրա.

3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.

4) եթե վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդը կատարում է վազանց կամ շրջանցում է արգելքը.

5) թունելներում, էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ, ինչպես նաև ճանապարհների նեղացումներում.

6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.

7) եթե վազանցվող տրանսպորտային միջոցը երթևեկում է կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ ու հատուկ ձայնային ազդանշան միացրած վիճակում կամ ուղեկցվում է այդպիսի տրանսպորտային միջոցներով.

8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:

 

 

IX. ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ

78. Տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նաև մայթեզրին:

79. Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`

1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.

2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):

80. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:

81. Երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները` 6.4` «Կայանման տեղ» նշանի և 8.6.2, 8.6.3, 8.6.6-8.6.9` «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:

82. Բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:

83. Կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում կանոնների 22-րդ և 23-րդ կետերի պահանջները կատարելուց հետո վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար:

84. Կանգառն արգելվում է`

1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.

2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.

3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.

4) հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.

5) երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.

6) խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).

7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.

8) այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:

85. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս` բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:

86. Կայանումն արգելվում է`

1) կանգառն արգելված վայրում.

2) բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.

3) երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:

 


X. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

87. Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:

88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը:


Կարգավորվող խաչմերուկներ

89. Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:

90. Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:

91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:

92. Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:

93. Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:

94. Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:


Չկարգավորվող խաչմերուկներ

95. Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:

96. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:

97. Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:

98. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

99. Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:

100. Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ:

101. Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:

 


XI. ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

102. Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցում հասկացությունները համանման են կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկ հասկացություններին, որոնք սահմանված են կանոնների 89-րդ և 95-րդ կետերով:

103. Տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:

104. Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:

105. Կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:

106. Հետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել հետիոտնային անցման վրա:

107. Բոլոր դեպքերում, այդ թվում նաև՝ հետիոտնային անցումներից դուրս, վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին:

108. Կույր հետիոտներն իրենց գործողությունների մասին պետք է ազդանշան տան սպիտակ ձեռնափայտով:

 

XII. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՎ

109. Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին (լոկոմոտիվին, երկաթուղասայլակին):

110. Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով և համոզվի, որ գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չի մոտենում:

111. Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի 1.12` «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:

112. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է`

1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.

2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը.

3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան։

4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան

Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):

113. Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց`

1) փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ).

2) լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ).

3) եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.

4) եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ).

5) գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում.

Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:

114. Վարորդին արգելվում է նաև`

1) հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները.

2) ինքնակամ բացել ուղեփակոցը.

3) գծանցով փոխադրել ոչ տրանսպորտային վիճակում գտնվող գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ.

4) առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով:

 


XIII. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐՈՎ

115. Ավտոմայրուղին 5.1` «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանի ազդման գոտում գտնվող ճանապարհ է, որը նույն մակարդակի վրա չունի հատումներ կամ հարակցումներ այլ ճանապարհների, երկաթուղային գծանցների կամ տրամվայի գծերի, հետիոտնային անցումների կամ հեծանվային արահետների հետ, չի սպասարկում ճանապարհամերձ տիրույթները և որում հանդիպակաց երթևեկելի մասերը բաժանված են բաժանարար գոտիով կամ ճանապարհային ցանկապատով: Ավտոմայրուղի համարվող ճանապարհի սկիզբը և վերջը նշվում են 5.1` «Ավտոմայրուղի» և 5.2` «Ավտոմայրուղու վերջը» նշաններով:

116. Ավտոմայրուղիներում արգելվում են`

1) հետիոտների տեղաշարժը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.

2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.

3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.

4) կանգառը` 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.

5) մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների.

6) հետընթացը.

7) ուսումնական վարումը:

117. Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշանով կահավորված, իսկ 116-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները` նաև ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա:

 

XIV. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

118. Բնակելի գոտին կառուցապատված տարածք է, որի մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով:

119. Բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

120. Բնակելի գոտուց դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծեն խոչընդոտ հետիոտների համար:

121. Բնակելի գոտիներում արգելվում են`

1) ուսումնական վարումը.

2) միջանցիկ երթևեկությունը.

3) կայանելը` աշխատող շարժիչով.

4) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:

122. Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք նշված չեն 5.21` «Բնակելի գոտի» ճանապարհային նշանով, սակայն ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով:

 


XV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳԱԳՈՐԾՄԱՆ ՏՄ ԵՐԹ. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԳԱՌԻ ԿԵՏԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

123. Խաչմերուկներից դուրս, որտեղ տրամվայի գծերը հատում են երթևեկելի մասը, տրամվայն ունի առավելություն ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ` բացառությամբ, երբ այն դուրս է գալիս դեպոյից:

124. 5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», 5.11` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս:

125. Բնակավայրերում կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն, սակայն այն սկսել կարող են միայն՝ համոզվելով, որ հարևան գոտիով մոտեցող տրանսպորտային միջոցներն իրենց համար խոչընդոտ չեն ստեղծում:

126. Վարորդները պետք է խոչընդոտ չստեղծեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետում կանգնած ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին մոտեցող կամ դրանից (դռների կողմից) հեռացող հետիոտներին, եթե իջնելն ու նստելը կատարվում է երթևեկելի մասից կամ երթևեկելի մասում գտնվող կանգառի հարթակից:

 

XVI. ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

127. Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`

1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).

2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:

128. Լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի`

1) բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.

2) հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե այդ տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա.

3) ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:

129. Շլանալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և չփոխելով երթևեկության գոտին, իջեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնի:

130. Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, կանգառի և կայանման դեպքում պետք է միացված լինեն տրանսպորտային միջոցի եզրաչափային լույսերը: Անբավարար տեսանելիության պայմաններում եզրաչափային լույսերի հետ լրացուցիչ կարող են միացվել նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները:

131. Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում:

132. Հակամառախուղային լապտերները երթևեկող տրանսպորտային միջոցների վրա կարող են օգտագործվել`

1) օրվա մութ ժամանակ ճանապարհների չլուսավորված հատվածներում` մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.

2) անբավարար տեսանելիության պայմաններում` ինչպես առանձին, այնպես էլ լապտերների մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.

3) լապտերների մոտակա լույսի փոխարեն` կանոնների 133-րդ կետում նախատեսված դեպքերում:

133. Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`

1) մոտոցիկլների և մոպեդների վրա.

2) կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.

3) հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

4) երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.

5) մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.

6) մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):

134. Լապտեր-լուսարձակ և փնտրող լապտեր թույլատրվում է օգտագործել միայն բնակավայրերից դուրս` հանդիպակաց և համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում: Բնակավայրերում այդպիսի լապտերներից կարող են օգտվել միայն սահմանված կարգով կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները` ծառայողական առաջադրանք կատարելիս:

135. «Ավտոգնացք» ճանաչման նշանը պետք է միացված լինի երթևեկության մեջ գտնվող ավտոգնացքի վրա (բացառությամբ կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլների), իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, հաշվի առնելով կանոնների 130-րդ կետի պահանջները, նաև կանգառի և կայանման ժամանակ:

136. Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`

1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.

2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:

137. Վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է օրվա լուսավոր ժամանակ լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը, իսկ օրվա մութ ժամանակ` լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի:

 

XVII. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՐՇԱԿՈՒՄԸ

138. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակումը պետք է իրականացվի քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդի առկայության դեպքում, բացի այն դեպքերից, երբ կոշտ կցիչի կառուցվածքն ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով:

139. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ արգելվում է քարշակվող ավտոբուսում, տրոլեյբուսում և բեռնատար ավտոմոբիլի թափքում մարդկանց փոխադրումը: Մասնակի բեռնման եղանակով քարշակելիս` արգելվում է մարդկանց գտնվելն ինչպես քարշակվող տրանսպորտային միջոցի խցիկում կամ թափքում, այնպես էլ քարշակողի թափքում:

140. Քարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև պետք է ապահովվի` ճկուն կցիչով քարշակելիս 4-6 մ, իսկ կոշտ կցիչով` 4 մ ոչ ավելի հեռավորություն:

141. Մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս` ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու նպատակով այն պետք է կահավորվի նախազգուշական հարմարանքներով, որոնք անկյունագծով 50 մմ լայնությամբ իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, 200 x 200 մմ չափերի լուսանդրադարձիչ մակերևույթով դրոշակներ կամ վահանակներ են: Ճկուն կապող օղակի վրա պետք է տեղադրվեն երկուսից ոչ պակաս նախազգուշացնող հարմարանքներ:

142. Կոշտ կցման հարմարանքի կառուցվածքը պետք է համապատասխանի ստանդարտների պահանջներին:

143. Քարշակումն արգելվում է`

1) երկու և ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների.

2) առանց կողային կցորդի մոտոցիկլներով, ինչպես նաև դրանց.

3) մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով.

4) այն տրանսպորտային միջոցների, որոնց ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում` այն դեպքում, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից.

5) այն տրանսպորտային միջոցների, որոնց ղեկային կառավարումը չի գործում (բացառությամբ մասնակի բեռնմամբ եղանակով քարշակելիս).

6) այն տրանսպորտային միջոցի, որի արգելակային համակարգը չի գործում և դրա փաստացի զանգվածը գերազանցում է քարշակողի փաստացի զանգվածի կեսը: Քարշակվողի փաստացի զանգվածը քարշակողի փաստացի զանգվածի կեսից քիչ լինելու դեպքում քարշակումը թույլատրվում է միայն կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով։

144. Կանոնների 143-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում չգործող են համարվում ղեկային կառավարման և արգելակային այն համակարգերը, որոնք վարորդին թույլ չեն տալիս իրականացնել երթևեկության ուղղության փոփոխություն կամ կանգնեցնել տրանսպորտային միջոցը` անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս:

 


XVII. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐՈՒՄԸ

145. Տրանսպորտային միջոցների վարման սկզբնական ուսուցումը պետք է կատարվի փակ հրապարակներում կամ ավտոդրոմներում:

146. Ճանապարհներին ուսումնական վարումը թույլատրվում է միայն սովորեցնողի հետ: Սովորողը պետք է գիտենա և կարողանա կատարել կանոնների պահանջները:

147. Անհատական կարգով սովորեցնողը պետք է իր մոտ ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վարորդական վկայական:

148. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:

149. Ուսումնական վարում թույլատրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (Երևանում` Երևանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:

XIX. ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

150. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պետք է ունենա նաև «D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:

151. Մեկնելուց առաջ բեռնատար ավտոմոբիլի վարորդը պետք է ուղևորներին հրահանգավորի նստելու, թափքում տեղավորվելու և իջնելու կարգի, ինչպես նաև ընթացքի ժամանակ նստատեղը չլքելու մասին: Շարժվել կարելի է, միայն համոզվելով, որ ուղևորների անվտանգ փոխադրման պայմաններն ապահովված են:

152. Բեռնատար ավտոմոբիլի թափքում, ինչպես նաև միջքաղաքային, զբոսաշրջության երթուղիներով երթևեկող կամ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:

153. Մարդկանց փոխադրումը կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում թույլատրվում է, եթե այն կահավորված է կողի վերին եզրից առնվազն 0,3 մ-ից ցածր և հատակից` 0,3-0,5 մ բարձր ամրացված նստարաններով: Հետևի կամ կողերի երկայնքով ամրացված նստարանները պետք է ունենան ամուր թիկնակներ:

154. Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` պայմանով, որ նրանք ապահովված են կանոնների 153-րդ կետով նախատեսված ցուցանիշներին համապատասխան տեղադրված նստատեղերով:

155. Ավտոբուսով կամ ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս` նրանց հետ պետք է գտնվի առնվազն մեկ չափահաս ուղեկցող: Այդ տրանսպորտային միջոցներն առջևից և հետևից պետք է կահավորվեն «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով:

156. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներ երեխաների նստեցման և իջեցման ժամանակ պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանը: Այդ տրանսպորտային միջոցներին մոտենալիս` վարորդները պետք է նվազեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնել թույլ տալու համար:

157. Վարորդը պետք է դռները փակ պահի մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը, որից հետո միայն հնարավորություն տա ուղևորներին նստել կամ իջնել, իսկ երթևեկությունն սկսի դռները փակելուց հետո:

158. Մարդկանց փոխադրումն արգելվում է`

1) ավտոմոբիլի (բացի կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերի), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.

2) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:

159. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել`

1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի).

2) մոտոցիկլի հետևի նստատեղին.

3) թեթև մարդատար ավտոմոբիլի`

ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով,

բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:

 

 

XX. ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

160. Փոխադրվող բեռի զանգվածը և ըստ սռնիների բեռնվածության բաշխումը չպետք է գերազանցեն արտադրող գործարանի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված մեծությունները:

161. Շարժումն սկսելուց առաջ և երթևեկության ընթացքում վարորդը պետք է հսկի բեռի վիճակը, տեղաբաշխումն ու ամրացումը` վայր ընկնելուց և որևէ այլ կերպ երթևեկության խոչընդոտ ստեղծելուց խուսափելու համար:

162. Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում օրվա լուսավոր ժամերին բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

163. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը`

1) որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.

2) որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.

3) որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են`

ա. ըստ լայնության` 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար՝ 2,6 մ),

բ. ըստ երկարության` 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)` 20 մ,

գ. ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)` 4 մ.

4) որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ:

164. Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`

1) սահմանափակում է վարորդի տեսադաշտը.

2) դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը.

3) ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.

4) զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:

165. Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խախտումները վերացնելու համար կամ դադարեցնի հետագա երթևեկությունը:

 

XXI. ՃԱՆԱՊ. ՆՇԱՆՆԵՐԸ, ՃԱՆԱՊ. ԳԾԱՆՇՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ՏՄ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

166. Ճանապարհային նշանները, գծանշումները և դրանց համարակալումները համապատասխանում են ստանդարտներին:

167. Ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

168. Ճանապարհային գծանշումները կիրառվում են ինքնուրույն կամ ճանապարհային նշանների և լուսացույցների հետ միասին:

169. Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի`

1) հորիզոնական.

2) ուղղաձիգ:

170. Հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը լինում է`

1) մշտական, որը սպիտակ գույնի է, բացի`

ա. 1.4-րդ, 1.10-րդ, 1.14.1-ին, 1.14.2-րդ գծանշումներից, որոնք դեղին գույնի են,

բ. 1.17-րդ գծանշումից, որը կարմիր գույնի է.

2) ժամանակավոր, որը նարնջագույն է:

171. Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:

172. Եթե հաստատուն տեղադրված նշանների պահանջները հակասում են շարժական կանգնակների վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն ժամանակավոր նշաններով:

173. Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:

174. Եթե գծանշման պահանջները հակասում են շարժական կանգնակի վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն այդ նշաններով: Եթե ժամանակավոր և մշտական գծանշումների պահանջներն իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:

175. Տրանսպորտային միջոցների վրա անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրվեն կամ պատկերվեն տրանսպորտային միջոցի ճանաչման նշաններ: Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը: